14.05.2015, Երևան. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն Միջազգային առևտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակում ճանաչվել է «2014 թ. ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»: Թբիլիսիում ՎԶԵԲ-ի տարեկան ընդհանուր ժողովի շրջանակներում ընթացող առևտրի ֆինանսավորման կոնֆերանսի ժամանակ մրցանակը հանձնվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի պատվիրակությանը, որը գլխավորել են բանկի խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը և վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը: Նշենք, որ «TFP Award» պատվավոր մրցանակին բանկն արժանանում է չորրորդ անգամ:
Եվրաբանկի ավագ մասնագետ Կամոլա Մահմուդովան ընդգծել է, որ բանկը ակտիվորեն մասնակցում է ՎԶԵԲ-ի բոլոր ծրագրերին, «մասնավորապես մեծ ձեռքբերումներ ունի կադրերի որակավորման ուղղությամբ իրականացված ծրագրերում, ինչով և պայմանավորված են նման հաջողությունները»:
Աշոտ Օսիպյանի խոսքերով, այս մրցանակը նաև որակի նշան է և պարտավորեցնող գնահատական: Կարևորելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ երկարաժամկետ համագործակցությունը` ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի վարչության նախագահը նշել է, որ բանկային ծառայությունների շուկայի բարձր մրցակցության պայմաններում նման ձեռքբերումը վկայում է, որ բանկը զարգանում է ճիշտ ուղղությամբ, և բանկի մատուցած ծառայությունները համապատասխանում են նաև համաշխարհային բարձր վարկանիշ ունեցող ՎԶԵԲ-ի պահանջներին:
Դեռևս 2007-ից ՎԶԵԲ-ի հետ մեկնարկած համագործակցության շնորհիվ բանկն իր հաճախորդներին առևտրի ֆինանսավորման գործիքներից առաջարկում է փաստաթղթային ակրեդիտիվներ և երաշխիքներ` ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման նպատակով, որի տարեկան գործող տոկոսադրույքը, կախված գործարքի պայմաններից, կազմում է մինչև 4 %:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ իրականացնելով Միջազգային առևտրի խթանման ծրագիրը (TFP)` 2010-ից ներդրել է մեկ այլ գործիք ևս` Վերականգնվող վարկային պայմանագիրը (RCA), որն ուղղված է ներմուծման գործարքների ֆինանսավորմանը` կանխավճարի տրամադրման տեսքով: Այս դեպքում տարեկան տոկոսադրույքը, կախված գործարքի պայմաններից, կազմում է մինչև 7 %:
Նշենք, որ 2014 թվականին, ընդհանուր առմամբ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն իրականացրել է շուրջ 47 մլն ԱՄՆ դոլարի փաստաթղթային գործարք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 52 %-ով:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի լրատվական ծառայություն